Չարենց «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո»

Մարտի 13-ին ծնվել է Եղիշե Չարենցը։

Եղիշե Չարենցը «Վերջին աղոթք» և «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո» անտիպ ստեղծագործությունները գրել է 1936 թ.-ի հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին։

Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո

Ա

Ինչպես դարեր առաջ – վկան Նարեկացի, –

Քեզ եմ հղում ես ողբըս, ով  Արարիչ,

Ես` մեղսավոր քերթողըս աստվածարյալ դարի, –

Ողջակիզյալ արյունս վարակածին…

Վաղ աղջամուղջն այնքան ըղձյալ Այգաբացի

Մայրամուտի փոխվեց արյունալիճ, –

Ուր մեր Ա՛րևն է նոր սուզվում արյունալի,

Որպես կարմիր գլուխ գլխատվածի…

Բորբ աչքերում սակայն հավատացյալ բյուրոց

Ծովածավալ արյան ցոլքը շռայլածին –

Ցոլանում է, իբրև ցոլք ցնծության մերո: –

Եվ – արեգակն է հին վերադառնում դարձյալ`

Արևմուտքից` ինչպես մահվան նաշից հառնած

Ղազարեի նման – արևը ետ դառնա…

Բ

Եվ ես դիմում եմ քեզ, ով Արարիչ, դարձյալ,

Ինչպես վկան մեր հին Նարեկացին, –

Քանզի` կարոտ ոգու և անարյուն Հացի, –

Տեսնում եմ լոկ – Կացին արեգնացյալ: –

Իբրև մի նոր վկա վաղուց աստվածարյալ`

Ես` երկրային` երկրին լոկ հավատացի, –

Չկամեցա, Աստված – ես` ինձանից բացի,

Ոչ գոյություն` ինձ պես գեթ կատարյալ:

Ես անսացի միայն – իմ հանճարի ձայնին: –

Ճանաչեցի լոկ նյութն ինքնարարիչ, –

Եվ` հանճարիս ուժով` ենթարկեցի այն ինձ: –

Եվ – թունավոր ինքյան, որպես կարիճ`

Ահա կանգնած եմ – զուրկ անգամ դժնի հացից, –

Եվ կախված է գլխիս – մի արեգնյալ կացին: –

Գ

Եվ ես – տխուր, ինչպես վկան Նարեկացի`

Ե՛վ զարհուրյալ այնպես, և` մենակյաց`

Զարհուրելի կյանքի հանդեպ անօգ կանգնած`

Ես ո՛ւմ դիմեմ, ո՛վ Տեր, – արդ` Քեզանից բացի:

Ինչո`ւ այսպես անօգ ես մնացի,

Եվ այնքան բորբ` հանկարծ անվերադարձ հանգավ, –

Անդրդվելի հավատս` դեպի գալի՛քն անգամ,

Եվ ինձ գերող ներկան – դարձավ անծիր:

Եվ ներբողներս` հղած ծագող Այգաբացին, –

Արեգակին և՛ իմ, և՛ իմ արյամբ առկայծ, –

Ողբ ու տրտունջ դարձան և փոխվեցին լացի:

Կյանքն եմ մեռած արդյոք ոգեկոչում դարձյալ, –

Երազելով, որ այն վերադառնա`

Ղազարոսի նման – մահվան նաշից հառնած…

Դ

Քե՛զ եմ կանչում ես արդ, ինչպես Նարեկացին`

Հղում եմ ողբըս Քեզ` սրտիս խորքից, –

Ինչպես շյուղն է հղում շունչն իր Նորքից –

Իբրև տեսիլք` Հեռվում հառնած Արագածին…

Ինչպես դողդոջ մի շյուղ բարակածիլ`

Մի երգեցիկ ցողուն – օվկիանում բերքի`

Ես դաշտերում անծի՛ր իմ հրկիզյալ Երկրի, –

Արձագանք չեմ լսում իմ երգածի…

Բայց ես գիտեմ, որ դու՛ շնչով ստեղծարար,

Ինչպես անձրև վարար անեզրական արտում, –

Ո՛չ մի մժեղ, կամ շյուղ – չես թողնելու ծարավ…

Ես – երգեցիկ եղեգ, – ինչո՛ւ այսքան տրտում

Պիտի դողամ լույսիդ անեզրության հանդեպ,

Երբ երբեք չե՛ս եղել դու այդքան նենգ…

Վերջին աղոթք

Տե՛ր իմ, – էությո՜ւն իմ, – հարազատ իմ, – այսինքն`

Ա՛յն, որ չունեմ կյանքում և չեմ ունեցել, –

Ա՛յն, որ միակն է ողջ կյանքում այս կամեցել

Լինել ինձ հետ այնպե՜ս հենց, ինչպես իր հետ ինքը, –

Չե՞ս զարմանում, Տե՛ր իմ, որ ես դիմում եմ քեզ,

Ես` բանաստեղծս անահ և մարտընչողս արի`

Յուրաքանչյուր նյարդով կապված այս վեհ դարիս

Յուրաքանչյուր <………….> կրկնապատիկ հրկեզ, –

Տարօրինա՞կ է, չէ՞, որ ես դիմում եմ քեզ` –

Աստվածային վերին ճանապարհի

Ինչ-որ` սրտի՛ս նման անգյուտ ու բարի,

Արարածի` թերևս անզո՛ր ինձ պես…

Բայց ես դիմում եմ քեզ, ինչպես հաճախ

Անապատում` ահեղ սամումների ժամին`

Քարավանի տերերն արնաշաղախ –

Թողած այնքան ուշիմ ու խորամիտ

Փորձառությունն իրենց` լոկ ուղտերի դեղին

Բնազդին են կառչում – և գտնում ուղի…

Աղբյուրը`  Ինքնագիր գրական հանդես

Կարող եք ծանոթանալ նաև  «Չարենց» կայքէջին

Автор: Անիտա Սահակյան

Բարի գալուստ իմ բլոգ, ես Անիտան եմ Սահակյան: Ծնվել եմ 2008 թվականի հուլիսի 11։ 14 տարեկան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի ավագ դպրոցում 9-7 դասարանում: Սիրում եմ ազատ ժամանակ գիրք կարդալ: Երազում եմ ճամփորդհել աշխարհով մեկ:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы